ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք` 2020-ի սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ՀՀ ԱԳՆ–ից նշում են, որ Ադրբեջանի կողմից կործանարար այս գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու իր ծրագրված քաղաքականության։
«Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման, շեշտում են ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ վերջին երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։
ՀՀ արտաքին գերատեսչությունն այսօր ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսվել է ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ:
Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Անհետ կորած է համարվում 201 մարդ։
2020 թվականի նոյեմբերի 9–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: