ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության), ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի բարձրագույն վարչական պաշտոնյաների աշխատանքային հանդիպումը, որտեղ նրանք կիսվել են իրենց պատասխանատվության բնագավառում անվտանգության և կայունության ոլորտում իրավիճակի գնահատականներով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի կայքը։
«Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում Եվրասիական տարածաշրջանային երեք առաջատար կազմակերպությունների բարձրագույն վարչական պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ոլորտում իրավիճակի գնահատականներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ղեկավարներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Պեկինում
© Photo : ОДКБ
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական-վերլուծական կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: