Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կոմունալ ծախսերը

Ընկերությունը պատրաստվում է նաև կարճ ժամկետում կազմակերպել «Կարին» պանսիոնատի շահագործումը` ԼՂ–ից տեղահանվածներին լրացուցիչ կացարաններով ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն պատրաստ է կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար փոխհատուցում տրամադրել Արցախիցտեղահանված 300 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։

«Ընկերությւնն այսօր քննարկումներ է արել ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով։ Բացի կոմունալ ծախսերի և կեցավայրի վարձակալության փոխահատուցումից, նախատեսվում է նաև հնարավորինս արագ կազմակերպել «Գազպրոմ Արմենիայի» հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումը։ Այդպիսով, տեղահանված ընտանիքները լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով կապահովվեն»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 50 243 անձ։