ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է ԵԱՏՄ երկրներում ստանդարտացնել դեղերի, ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև հեռախոսների և նոթբուքերի մակնշման կանոնները։ Այս մասին ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընդունված փաստաթղթերի համաձայն` ԵԱՏՄ անդամ երկրները ինքնուրույն են որոշելու իրենց տարածքներում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման կարգն ու կիրառման ամսաթիվը` այդ մասին ոչ ուշ, քան 6 ամիս առաջ տեղեկացնելով ԵՏՀ–ին։
Այդպիսով բոլոր դեպքերում ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում երաշխավորվելու է միասնական պահանջներին համապատասխան ձևավորված այլ պետությունների նույնականացման միջոցների ճանաչումը։
Միության անդամ երկրների դիրքորոշումների հետ կապված որոշումներում առանձին նշված է, որ այս փուլում մի շարք երկրներ մտադիր չեն մակնշում իրականացնել, դեղերի առումով` Հայաստանը, ոչ ալկոհոլային խմիչքի և հյութերի մասով` Ղազախստանը, իսկ նոթբուքների և հեռախոսների մասով` Ղազախստանն ու Ղրղզստանը։