Դմիտրի Պեսկովը Ռուբեն Վարդանյանի ձերբակալություն մասին տեղեկություն չունի

Դմիտրի Պեսկով
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հայտնել է նրա կինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին:
Միաժամանակ նա դժվարացել է ասել` Վարդանյանն այժմ ՌԴ քաղաքացիություն ունի, թե ոչ։
«Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա ՌԴ-ն կպաշտպանի նրա իրավունքները»,– ասել Է Պեսկովը:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, քիչ առաջ հայտարարություն տարածեց` նշելով, որ այսօր առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։