ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի Շահումյանի շրջանի՝ 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ կրակոցները։
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են Չարեքթարի վանքի ուղղությամբ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են դառնում Արցախում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները»,– նշված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում կատարվածի վրա և պահանջում, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի կատարվածին՝ կանխելու համար հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը։
Նշենք, որ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) այսօր հայտարարություն էր տարածել նշելով, որ նման հարձակումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցների ուղղակի խախտում են և պետք է հետաքննվեն և պատասխանատվության ենթարկվեն։