Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ համակարգողի այցը Լեռնային Ղարաբաղ

Ալիևն ընդունել է Սամանտա Փաուերին, Յուրի Քիմին ու Լուիս Բոնոյին
Հայկական կողմն ավելի վաղ պնդել էր, որ ՄԱԿ–ի առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել իր երկրում հավատարմագրված ՄԱԿ ռեզիդենտ–համակարգողի այցը Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ մասին ասել է ասել է Բաքվում USAID–ի ղեկավար Սամանտա Փաուերի, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի և Պետդեպարտամենտի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ–ները, հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ երկխոսության կարևորությունը:
Ալիևը վստահեցրել է, որ ԼՂ հայերի իրավունքները կապահովվեն երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ կազմակերպության առաքելության ներկայությունը կենսական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։