ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հրապարակելով նաև տարբեր անձանց անձնական իրերի լուսանկարներ։
«Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են նաև անձնական իրերը»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ն նշում է` եթե լինեն անձինք, որոնք կճանաչեն լուսանկարներում պատկերված իրերը, ապա կարող են մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։