Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր կմեկնարկեն. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան
ՀՀ տարածքում դպրոց դիմելիս արցախցի աշակերտների համար որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված ուսուցիչների համար հաջորդ շաբաթվանից վերապատրաստման դասընթացներ կմեկնարկեն։ Այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այսպիսով ցանկանում ենք աջակցել նրանց, որպեսզի ստեղծված իրավիճակում նաև համապատասխան միջավայր ձևավորվի երեխաների համար»,– նշեց նախարարը։
Նա ընդգծեց, որ դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և աշակերտներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց:
ՀՀ տարածքում գործում են նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 50 243 անձ։