Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 53 629-ի

Արցախից բռնի տեղահանվածները Գորիսի հաշվառման կենտրոնում
Սահմանը հատել է նաև 10 985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35 491 անձի հաշվառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 53 629 անձ, ինչպես նաև 10 985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35 491 անձի հաշվառում։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետի խոսնակը նշեց, որ որոշակի զննման գործընթաց է իրականացվում, երբ ԼՂ–ից հայերը հատում են Հակարիի կամուրջը։
«Միայն զննման գործըթնացից հետո է տեղի ունենում հաշվառումը Գորիսի և Վայքի կենտրոններում։ Այն անձինք, որոնք հաշվառումը բաց են թողում, այն կարող են լրացնել իրենց տեղակայման վայրերում»,– ավելացրեց Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ օդային և ցամաքային ճանապարհով Արցախից ՀՀ է տեղափոխվել 349 բուժառու։ Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չկան։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հաղորդել են, որ տեղափոխվել է 129 աճյուն։
«Գործընթացն ընդհանուր առմամբ համակարգված է գնում, սակայն պետք է հաշվի առնել, որ այս օրերին ներհոսքը բավականին շատ է և, ցավոք, մեծ հերթեր են գոյացել, մեքենաների շարասյան խցանում։ Այդ պատճառով մենք հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,– ընդգծեց ՀՀ վարչապետի խոսնակը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն այս պահին առաջարկում է ժամանակավոր կացարաններ։ Այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են այդ կացարաններից, ըստ նրա` ՀՀ իշխանությունները նրանց հետ հետադարձ կապ են պահելու` կարիքների գնահատում իրականացնելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։