ԱՄՆ ԱԽ–ն ցավում է ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունի համար. խոստանում են վերմակներ ուղարկել

Պայթյուն Արցախում
Ադրիեն Ուոթսոնն ընդգծել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը ցավում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի համար և խոստանում է հումանիտար օգնություն փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, և խոր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք ապահովել շարունակաբար հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ ի շահ բոլոր կարիքավորների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ուոթսոնն ընդգծել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ԼՂ ճգնաժամից տուժածներին։
«Սամանտա Փաուերը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն. խմբ.) գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապաստան, հիգիենայի պարագաներ, վերմակներ և հագուստ ապահովել Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է։ 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։