ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլին է մեկնել Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին մասնակցելու համար: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Համաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը»,– ասված է հաղորդագրությունում:
Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:
Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հովանու ներքո:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:
Խորհրդարանների նախագահների առաջին եվրոպական համաժողովը տեղի է ունեցել 1975 թվականին: