Այն, ինչ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ, ըմբռնման սահմաններից դուրս է. Թոմ Քաթինա

Թոմ Քաթինա. Արխիվային լուսանկար
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիրը գրել է, որ աղոթում է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ, ըմբռնման սահմաններից դուրս է։ X–ի իր միկրոբլոգում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր Թոմ Քաթինան։
«Անհավատալի է… Զայրույթ և կոտրված սիրտ: Ռուբեն Վարդանյանը՝ կարեկից և անշահախնդիր մարդ, որը հենարան է եղել Արցախի ժողովրդին։ Այն, ինչ տեղի է ունեցել, ըմբռնման սահմաններից դուրս է: Ես աղոթում եմ Ռուբենի և նրա ընտանիքի համար»,– գրել է Քաթինան։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր առաջ հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։
Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:
«Ավրորա» մրցանակին նա արժանացել է 2017 թվականին։