ԱՀԿ–ն օգնություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. կազմակերպության ղեկավար

Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուս
Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսն ընդգծել է, որ տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։
Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի:
«ԱՀԿ–ի կողմից մենք ամեն ինչ կանենք` աջակցություն ցուցաբերելու համար», - հավաստիացրել է գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ։ Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։