Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը

Արցախում մնացած քաղաքացիները փաստացի զրկվել են բջջային կապից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրի գագաթին տեղադրված 50–մետրանոց խաչը (Քարաշեն գյուղ), որը նաև բջջային կապի աշտարակի գործառույթ էր կատարում։
Սա մեծ խնդիրներ կստեղծի հատկապես նրանց համար, ովքեր դեռ Արցախում են։ Անհարմարություններ կստեղծվեն նաև այն մարդկանց համար, որոնց մտերիմները դուրս են եկել Արցախից, սակայն նրանց հետ կապ պահելն այժմ արդեն գրեթե անհնար է: Այս հարցն առավել քան սրվում է` հաշվի առնելով անհետ կորածների մեծ թիվը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի մոտակայքում գրանցված պայթյունից հետո Արցախի բժշկական կենտրոններ տեղափոխված բոլոր տուժածները (349 մարդ) արդեն Հայաստանում են։