ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ի ժամը 20:00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 28 120 անձ է մուտք գործել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով»,– ասված է հաղորդագրությունում:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 3 253 մարդ ապահովվել է կացարանով`1 305 անձ` Սյունիքում, 700-ը` Վայոց Ձորում, 833-ը` Գեղարքունիքում, 268-ը` Տավուշում, 147-ը` Արմավիրում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։