Ուղղաթիռով բժշկական թիմը մեկնեց Ստեփանակերտ՝ պայթյունից տուժածներին օգնության

Արխիվային լուսանկար
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտներն այս պահին նախապատրաստվում են տեղափոխման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտներն այս պահին նախապատրաստվում են տեղափոխման։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Ավելի ուշ` ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը: