ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են ցուցակագրվել սեպտեմբերի 26-ի ժամը 16։00–ից` մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցում գործող աշխատանքային խմբին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում ենք կարգապահություն և հանդուրժողականություն»,– նշված է հայտարարության մեջ։
Շտաբից նշում են, որ ներկա պահին առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։