Շվեդիան ԿԽՄԿ-ին 1,3 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքների համար

Պատրիկ Սվենսոն
Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում ճգնաժամից տուժածների կարիքների համար 5 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Շվեդիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1,3 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Տեղեկությունը X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան քիչ առաջ տեղեկացրեց, որ Ֆրանսիայի կառավարությունն առաջիկա ժամերին սարքավորումներ կուղարկի Երևան` Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Եվրամիությունն էլ հայտարարել է, որ 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։