Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու` նաև տեղում քայլեր ձեռնարկելու համար. ԱԳ փոխնախարար

Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու
Հովհաննիսյանի խոսքով` ամերիկացի պաշտոնյան ցանկանում է իր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում ու զեկուցի ԱՄՆ նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք հումանիտար օգնությունն է, փորձ՝ այս իրավիճակի լուծումները գտնել տեղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Տիկին Փաուերը ՀՀ–ից պետք է մեկնի Ադրբեջան և փորձի հնարավորինս անել տեղում` իհարկե, լրացուցիչ օգնություն ՀՀ–ին ցուցաբերելու առումով։ Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում ու զեկուցի ԱՄՆ նախագահին»,– նշեց Հովհաննիսյանը։
Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի` միջազգային արձագանքն այս օրրեին արդեն փոխվել է, և արդեն կան շատ հասցեական հայտարարություններ, որոնք, սակայն, այս իրավիճակում դեռ բավարար չեն։
«Կարծես` ոչ ոք իլյուզիա էլ չունի կատարվածի վերաբերյալ»,– նշեց նա։
Ո՞րն է դիվանագիտական ոլորտում լուծումն այս ամենի հարցին` Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, և Սամանտա Փաուերի այս այցը դրա վկայությունն է։
«Վստահ եմ` սա վերջին այցը չի լինի. կունենանք այլ գործընկերներ, որոնք կգան ՀՀ` նույն նպատակներով, ինչ տիկին Փաուերը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան, թե միջազգային կառույցների, թե գործընկեր բոլոր երկրների հետ մեր աշխատանքներում»,– վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Գորիսում են, հանդիպում են տեղահանվածների հետ
Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ նախատեսվող հայ–ադրբեջանական համաձայնագրի ստորագրմանը, ապա Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին վաղաժամ է խոսել այդ մասին. ամեն ինչ կախված է նաև այս իրավիճակից։ Նա միայն ավելացրեց, որ հայկական կողմի ջանքերը, համենայնդեպս, հնարավոր խաղաղության հաստատման առումով մնում են անփոփոխ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ արդեն 2 օր է տեղափոխվում են ՀՀ։