«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ ՀՀ-ում կպահպանվի ՌԴ կենտրոնների ներկայությունը

Պավել Շևցով
Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ, նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում ռուսական կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն կունենա «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնների ներկայությունը պահպանելու համար»,-ասել է Շևցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսական տան աշխատանքի սառեցման ռիսկեր կան:
Նա հավելել է, որ Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ:
«Մենք չենք պատրաստվում հետ կանգնել այդ գործունեությունից։ Մենք հաջորդ տարվա համար զարգացման ծրագիր ունենք։ Հույս ունենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեության վրա»,-նշել է նա։
Շևցովը հայտնել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը չեն ազդում երկրում Ռուսական տան աշխատանքի վրա, կենտրոնի շուրջ հակաիրավական գործողություններ չեն կատարվում:
«Գլոբալ առումով իրավիճակը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնի աշխատանքի վրա չի ազդում այն պատճառով, որ կենտրոնի շուրջ անօրինական գործողություններ չեն կատարվում»,-ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալը:
Նա հավելել է, որ բողոքի ցույցերի պատճառով «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ստիպված է եղել հետաձգել Հայաստանում ռուսական համալսարանների կրթական ցուցահանդեսի անցկացման ժամկետները:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում ՀԿ-ների հզորագույն լոբբի կա, որոնք փորձում են ոչնչացնել Ռուսաստանի ազդեցությունը երկրում: