Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Պայթյունից տուժածներին Ստեփանակերտից տեղափոխում են օդային ճանապարհով. 4-րդ թռիչքն է

Հայաստանից բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ արդեն 4-րդ թռիչքն է իրականացվում Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում::