Մինչև 2027 թվականը ԵԱՏՄ–ում չեղարկել են տրանսպորտում SOS կոճակի տեղադրման պահանջը

ՈՒԱԶ «Պատրիոտ»
ՈՒԱԶ «Պատրիոտ». Արխիվային լուսանկար
Նման սարքերի տեղադրումը կազմում է մաքսազերծման արժեքի շուրջ 25%–ը` կախված թողարկման տարեթվից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում ԵՏՀ խորհրդի նիստին Ղազախստանի նախաձեռնությամբ որոշվել է չեղարկել ԵԱՏՄ տարածք ներմուծվող մեքենաների վրա արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքերի կամ համակարգերի (SOS կոճակ) տեղադրման պահանջը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։ Չեղարկման որոշումը գործելու է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Փոխվարչապետի գլխավորած ղազախական կողմի առաջարկին համաձայնել են ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Համապատասխան փոփոխություններ կարվեն 2011 թվականի Մաքսային միության հանձնաժողովի որոշման մեջ։
«Այս որոշումը բարենպաստ կանդրադառնա Ղազախստանի ավտոմոբիլային ոլորտի զարգացման վրա։ Կնպաստի տրանսպորտային միջոցների մոդելային գծի ընդլայնմանը և Ղազախստանի շուկա նոր ապրանքանիշերի մուտքին», – կարծում են նախարարությունում։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ պահանջը ներառված էր Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում, ավելի վաղ այդ պահանջից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ն արդեն ազատվել էին ԵԱՏՄ երկրների N և M դասի ավտոմեքենաների պաշտոնական ներկրողներն ու արտադրողները։
Նախարարության տվյալներով` նման սարքերի տեղադրումը կազմում է մաքսազերծման արժեքի շուրջ 25%–ը` կախված թողարկման տարեթվից։