ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետություն տեղափոխված արցախցիներին, մեր տեղեկություններով, այս պահին կացարաններ են առաջարկվում 4 վայրերում` Մեղրի, Կապան, Վարդենիս և Մարտունի։
Հանրապետության մյուս բնակավայրերում ներկա պահին հասանելի կացարաններ այլևս չկան։ Այսօր Արցախից Հայաստանի Հանրապետություն մարդկանց հոսքը նախորդ օրվա նման մեծ չէ, քանի որ Հակարիի կամուրջը փորձում են հնարավորինս ազատ պահել սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխելու համար։
Մեր տեղեկություններով` ներկայում Գորիսում մոտ 300 մարդ է մնացել, սակայն այնտեղ ամեն րոպե սպասում են արցախցի մեր հայրենակիցների նոր հոսքի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: