Լրացուցիչ օգնության կարիք այս պահին չկա. ՀՀ ԱՆ-ն` Արցախից բռնի տեղահանվածների հարցով

Նախարարությունից միաժամանակ նշում են, որ կան բժշկական օգնություն իրականացնող մի շարք մասնագետների կարիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն»,– միաժամանակ նշում են գերատեսչությունից:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ տեղափոխվում են ՀՀ։