ԼՂ–ում պայթյունից տուժածները բուժօգնություն են ստանում խաղաղապահների բժշկական ջոկատում

ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից 22–ին օգնություն է ցուցաբերվում ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ կա, այդ թվում` 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը:
Սեպտեմբերի 26-ի դրությամբ հանձնվել է 8 միավոր զրահատեխնիկա, 7 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 4 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 39 միավոր դաշտային հրետանային հրանոթ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, ավելի քան 3,4 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և շարժական զենիթահրթիռային համալիր, մոտ 507 հազար զինամթերք։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։