ԼՂ–ում պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ հրատապ բուժօգնության կարիք ունեն. ԿԽՄԿ

Պայթյուն Արցախում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է տարածաշրջանում որոշում կայացնողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում գրանցված պայթյունից այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ հրատապ մասնագիտական բուժօգնության կարիք ունեն։ Այս հայտարարությունը տարածել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` նշելով, որ բրիգադները դեղորայք են հասցնում և օգնում, որ շտապօգնության մեքենաներով բժշկական տարհանում իրականացվի։
Ընդգծվում է, որ տարածաշրջանում հիվանդանոցները լեփ–լեցուն էին դեռ պայթյունից առաջ, և նոր բուժառուների հոսքը վատթարացրել է իրավիճակը` հասցնելով կրիտիկականի։

«Սա ողբերգություն է հարյուրավոր մարդկանց համար, որոնք հիմա տառապում են սարսափելի այրվածքներից, ճգնաժամը վատթարացնում է այն փաստը, որ հիվանդանոցներն արդեն իսկ ծանրաբեռնված են, ինտենսիվ երթևեկությունն էլ դժվարացնում է շտապօգնության մեքենաների մուտքն ու ելքը», – ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ԿԽՄԿ–ի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերը։

Կոմիտեում հիշեցրել են, որ միջադեպից հետո ԿԽՄԿ–ն վիրակապերի և այրվածքների մշակման հատուկ հավաքածուներ է հասցրել, իսկ Կարմիր խաչի բժշկական բրիգադն օգնություն է ցուցաբերում տեղում։ Բացի այդ, մատակարարվում է ծանր դեպքերի բուժման համար անհրաժեշտ լրացուցիչ դեղորայք։
«Բժշկական տարհանումների թիվն ավելացնելու համար լուծումներ գտնելու նպատակով ԿԽՄԿ–ն աշխատում է տարածաշրջանում որոշում կայացնողների հետ»,– ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ բժշկական հրատապ կարիքների բավարարման համար լուծումներ գտնելու պարտավորություն ունեն բոլոր կողմերը, ինչը բխում է միջազգային մարդասիրական իրավունքից։ Կոմիտեում ընդգծել են, որ վիրավորներն ու հիվանդները պետք է բուժօգնություն ստանան հնարավոր նվազագույն ուշացումներով, և հիշեցրել, որ պայթյունից առաջ Կարմիր խաչը նախատեսում էր տեղափոխել 60 ծանր վիրավոր բուժառուի, որոնց անհրաժեշտ էր տարհանել Ստեփանակերտի հիվանդանոցից։
Այդ բուժառուներից 23-ը տարհանվել են կիրակի, մյուսների տարհանման ծրագրերը դժվարացել են պայթյունի հետևանքով առաջացած կրիտիկական կարիքների պատճառով:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։