Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ ԿԳՄՍՆ–ում քննարկվել է ԼՂ–ից բռնի տեղահանված արցախցիների կրթության կազմակերպումը

Նախարարությունը նաև շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ–ում քննարկվել է ԼՂ–ից բռնի տեղահանված արցախցիների կրթության կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Գործընթացն իրականացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նրա տեղակալները հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում:
«Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,– հանդիպմանը նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն ընդգծել է, որ այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։
Նախարարությունը նաև շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը։
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին:
Նախարար Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: