ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն այս ողբերգական պահին պարտավոր է պատշաճ արձագանքել և աշխատանքները կազմակերպել արտակարգ ռեժիմով։ Սա են պահանջում առողջապահության նախարարության մոտ ի պաշտպանություն Արցախի ակցիա իրականացնող բուժաշխատողները։
«Գործեք արտակարգ իրավիճակի ռեժիմով, ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասում են բուժաշխատողները։
Նրանք շեշտում են` վիճակն ավելի ողբերգական է, քան թվում է։ Օգնության կարիքը շատ է։
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանվածվիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։
Սպիտակ խալաթներով ակցիան
© Sputnik
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: