Հերթական խայտառակությունն է սպասվում, եթե ՀՀ–ն չչեղարկի Գրանադայի հանդիպումը. Բալասանյան

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Միջազգայնագետը հուսով է` անկախության համար մտածողները գոնե այս պահին կհասկանան, որ Գրանադայում որևէ բանակցություն չի կարող լինել Ալիևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի խորհրդարանում ՀՀ սուվերեն տարածքների հետ կապված լսումները հիմք են, որ Հայաստանը հրաժարվի Գրանադայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, հակառակ պարագայում հերթական խայտառակությունն է սպասվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 5–ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական միության գագաթաժողովում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Այս գագաթաժողովի հարթակներում սա նրանց երրորդ հանդիպումն է Չեխիայից ու Մոլդովայից հետո։ Իսկ Ադրբեջանի խորհրդարանում սեպտեմբերի 25–ին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով լսումներ են անցկացվել։
Բալասանյանը վստահ է` իրեն հարգող և անկախության համար հոգի տվող երկրի համար թշնամու խորհրդարանում սեփական երկրի սուվերեն տարածքի հետ կապված լսումները պատճառ են այդ բանակցությունները չեղարկելու համար։
«Դու հենց հիմա պետք է հայտարարես, որ հոկտեմբերի 5–ի հանդիպումը չեղարկում ես։ Եվ եթե Եվրոպան ասում է, որ պետք է նման հանդիպում կայանա, ապա այդ դեպքում պետք է Ալիևը ապահովի ՀՀ–ի պայմանները։ Հակառակ պարագայում այդ բանակցություններում հերթական խայտառակությունն ենք ստանալու, այլ տարբերակ չկա։ Ինչքա՞ն կարելի է անինքնասեր լինել որպես պետություն։ Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ դուք (նկատի ունի իշխանությանը. խմբ.) կանգնեք, ասեք` չեք մասնակցում այդ բանակցություններին։ Այստեղ հարց է առաջանում` արդյոք անկախական են իրենք»,– հավելեց նա։
Բալասանյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունը բրյուսելյան ձևաչափով բանակցությունները ձախողված է որակել, և ընդգծեց` փաստորեն գնում են նույն ֆորմատով բանակցությունների։
«Երևի մտածում են, որ եթե Բրյուսելում չէ, ուրեմն ֆորմատն էլ է տարբեր։ Չգիտեմ` միջանցք կտա, չի տա (Փաշինյանը. խմբ.), կստորագրի, թե ոչ, բայց ինչպես հասկանում եմ, բազմաթիվ խոստումներ է տվել, որովհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդհատ դրանց մասին է խոսում։ Կարծում եմ` անկախության համար մտածողները գոնե այս պահին կհասկանան, որ Գրանադայում որևէ բանակցություն չի կարող լինել Ալիևի հետ»,–ասաց Բալասանյանը։
Փաշինյանը վստահեցնում է` Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի
Առհասարակ եվրոպական հարթակներում այս բանակցությունները միջազգայնագետի համար անհասկանալի են, քանի որ Եվրոպան երբևէ Արցախի հարցով, հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի հետ որևէ կապ չի ունեցել։
«Ես չհասկացա, թե այդ ԵՄ–ն որտեղից ընկավ մեր գլխին։ Արցախի հարցով զբաղվել է ոչ թե ԵՄ–ն, այլ ԵԱՀԿ–ն, դրանք տարբեր կառույցներ են։ Միևնույն ժամանակ հարևան Իրանը «կոտորում» է իրեն` ասելով` «3+3» ֆորմատից դուրս չի կարող բանակցություններ լինել, ուզում եք հարցը կարգավորել, այդ ֆորմատով կարգավորեք, գոնե այնպիսի խաղաղություն ստորագրեք, որ համապատասխանի տարածաշրջանի երկրների շահերին»,–հավելեց նա։
Նրա խոսքով` ՀՀ–ն արտաքին «շպարգալկային» դիվանագիտություն է վարում, որտեղ գրվածից ու թելադրվածից բացի, Հայաստանի իշխանությունները որևէ գործողություն չեն կատարում։ Իսկ այդ «շպարգալկաներում» նշված է, որ տարածք զիջելը սուվերենությունից հրաժարվել չէ, այլ հանուն խաղաղության է, և որ ամեն ինչի համար մեղավոր է ՌԴ–ն։
Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել. նա կհանդիպի նաև Հիքմեթ Հաջիևի հետ
Բալասանյանը ընդգծեց` նախքան մեղավորներ փնտրելը պետք է հիշել` ինչպիսին էր հայրենիքի տարածքների հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը, երբ երկրի ղեկավարի շուրթերից հնչում էր, որ պետք չէ լճի 30 տոկոսի համար կռվել, սարի համար կռվել, քանի որ տարվա կեսը ձյուն է։ Նույն տրամաբանությամբ, ըստ նրա, պետք է հրեաներն էլ հրաժարվեին իրենց տարածքներից, քանի որ այնտեղ անապատ է։
«Հայրենիք հասկացությունը վերցնում, պրիմիտիվացնում եք, հետո ասում եք` գլխավոր թշնամին ռուսն է, պետք է պայքարենք իր դեմ։ Այդ մարդիկ կա՛մ դպրոցում պատմության դասերին չեն նստել, կա՛մ գիրքը թարս են կարդացել։ Մենք ամեն անգամ գալիս, հասնում ենք ինչ-որ հանգրվանի, հետո մեզ պատժում են ավելորդ պաթոսի ու ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու համար, հետո մի 70 տարի ուշքի ենք գալիս, կանգնում ենք, էլի ենք տալիս մեր գլխին, որովհետև մենք մեր պատմությունից, ցավոք, դասեր քաղել չենք սիրում»,– ասաց նա։
Ըստ միջազգայնագետի` սուվերենության պահպանման մասին խոսելիս իշխանությունը պետք է հիշի, որ Սահմանադրությամբ իրենք են այդ սուվերենության պաշտպանության երաշխավորը, և դա չպետք է որպես լավություն ներկայացվի։ Իսկ անկախության համար պայքարելուց առաջ, նախ պետք էր այն չոչնչացնել։