Հակարիի կամրջի հերթում երեխա է ծնվել

Արցախից տեղահանվածներ
Ռեփեր Լյոկան հայտնել է, որ փոքրիկի հոր ոտքերն անդամահատված են, բայց հույսն ու հավատը չի կորցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հակարիի կամրջի մոտ գոյացած հերթում երեխա է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը ինստագրամյան էջում հայտնել է արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)։
Նա լուսանկար է հրապարակել փոքրիկի հոր հետ և կից գրառում կատարել։
«Ոտքերը կտրված, բայց հույսն ու հավատը տեղն է»,– գրել է Լյոկան։
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։