Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական կարիքների հաղթահարման համար

Օլիվիե Դըկոտինյի
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը` դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 7 մլն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂ–ում պայթյունից տուժածների համար ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ։

Նարեկ Մկրտչյանը դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը` դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Նարեկ Մկրտչյան
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։