Երևանում փողոցը բացել փորձող կնոջը հարվածելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ներկա պահին նախաքննություն է տարվում, որպեսզի պարզվի միջադեպի մասնակից անձանց ինքնությունը, դեպքի ամբողջական հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոց–Պուշկին խաչմերուկում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Համացանցում այս ամենը պատկերող տեսանյութ կա հրապարակված, դեպքի առնչությամբ էլ ոստիկանությունում հաղորդում է ստացվել։
«Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն։ Ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները, խոչընդոտել ճանապարհի այդ հատվածով բնականոն երթևեկությունը, ձեռքերով հարվածել է փակված ճանապարհը անցնելու փորձ կատարող ավտոմեքենային, նստել մեքենայի վրա, ապա ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդման առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։