ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 3 օրերի ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 2500 մարդ ՀՀ–ում ապահովվել է կացարանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները։
Խաչատրյանըհայտնեց, որ նրանցից մոտ 1000–ը բնակեցվել են Սյունիքի մարզում, 500–ը Վայքում են, ևս 500–ը` Գեղարքունիքի մարզում։
«Այս պահին ընթանում է նաև մնացած մասի տեղավորումը Տավուշի մարզի հյուրատներում և հյուրանոցներում»,– ասաց նա։
ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ Գորիս ժամանած մարդկանց տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ, բայց հաշվի առնելով մարդկանց մեծ հոսքը` այս գործըթացը բավական բարդ է ընթանում։
«ՀՀ սահմանը հատած մարդկանց մեծամասնությունն ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը Հայաստանում ու չունեն կառավարության օգնության կարիքը, մենք չենք առարկել»,– ասաց նա։
Ի դեպ, Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ԼՂ–ից Հայաստանի Հանրապետություն է եկել 19 000 քաղաքացի։
Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների հետ իր աշխատանքը չի ավարտի միայն մարդկանց կացարան տրամադրելով։ Հետագայում սոցիալական ծրագրեր կիրականացվեն, որպեսզի ՀՀ կառավարությունը նրանց բնակարանների վարձավճարները որոշ չափով փոխհատուցի, ինչպես նաև առաջնային կարիքները հոգալու համար դրամական աջակցություն տրամադրի և այլն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: