ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը` նշելով, որ հանդիպումը կայացել է այսօր։
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին»,–ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր եզրերը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում:
Հիշեցնենք` Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպումը:
Արմեն Գրիգորյանը Բրյուսելից մեկնելու է Բեռլին։