ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների ընդունման նոր կետն արդեն մի քանի ժամ է` գործում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Վայոց Ձորի մարզում բացված կենտրոնի մասին ավելի վաղ հայտնել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Գնահատում ենք բոլոր անձանց կարիքները, ապա ով ցանկություն է հայտնում, մենք տեղաբաշխում ենք մեր մարզի տարածքում։ Առաջնահերթությունը տալիս ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաներ և տարեցներ կան»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ տեղական իշխանությունները գրանցում են բոլոր ժամանողներին։ Եթե մարդիկ նախընտրում են բնակություն հաստատել ոչ թե Վայոց Ձորում, այլ մեկ այլ մարզում, ապա ապահովվում է նրանց գիշերակացը։ Նրանցից շատերը ճանապարհին են եղել ավելի քան 24 ժամ և ի վիճակի չեն որևէ տեղ գնալ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։