Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Պայթյունից տուժածները Այրվածքաբանության ազգային կենտրոնում
Անահիտ Ավանեսյանը շեշտեց` մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67–ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,– ասաց նախարարը։
ԼՂ–ում պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ հրատապ բուժօգնության կարիք ունեն. ԿԽՄԿ
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։