ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։