Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից տեղահանվածների թիվն այս պահին 20.270 է. նրանցից 2850-ը տեղաբաշխվել են ՀՀ մարզերում

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ընդգծեց, որ քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը, որից հետո էլ նրանց տեղաբաշխում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20.270 անձ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հաշվառումից հետո տեղի է ունենում տեղաբաշխում։ Քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձնացից 532–ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։