ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին»,– գրել է նա։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան։ Մահացած քաղաքացիների մարմիններն այս պահին դատաբժշկական փորձագիտական կենտրոններում են։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է։ 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ն այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։