ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կատարված որոնումների արդյունքում սեպտեմբերի 25–ին տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Տարհանված 10 քաղաքացու առողջական վիճակը բավարար է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳՆ–ից մանրամասնում են, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և ևս մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից` մեկ տարեց կին։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից, իսկ ևս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։