Անկարան անհանգստացած է, կամ ի՞նչ է գրում թուրքական մամուլը ՀՀ–ի մասին

Թերթ կարդացող տղամարդ Ստամբուլում
Արցախյան վերջին իրադարձություններից հետո թուրքական մամուլում գերակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքական մամուլը շարունակում է ակտիվորեն հետևել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որոնք իրենց համար կենսական նշանակություն ունեն։ Սա նոր երևույթ չէ, նոր է այն, որ Թուրքիայի դիրքի և ազդեցության փոփոխությունը, տարբեր այլ իրողություններ նրան թույլ են տալիս Հայաստանի ներքին գործերին միջամտելու շատ կոպիտ ու բացահայտ տարրեր ունեցող հայտարարություններ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այս օրերին թուրքական մեդիան, այդ թվում` իշխանամետ, գրում է հայաստանյան իրադարձությունների մասին` մեղադրելով նաև ռուսական հետքով հեղաշրջման փորձի մեջ։ Սա իրենց պետական քարոզչական քաղաքականության հստակ գիծն է և ցույց է տալիս թուրքական անհանգստությունները` կապված նաև ընդհանուր պրոցեսների հետ»,– նշեց թուրքագետը։
Նա զարմանքով նկատում է, որ թուրքական մամուլում տեղ գտնող տարբեր հայտարարություններ և վերլուծություններ Հայաստանում կա՛մ արձագանք չեն ստանում, կա՛մ լռությամբ են ընդունվում, մինչդեռ, օրինակ, ռուս լրագրողների խոսքերը դառնում են ներքաղաքական օրակարգի կարևոր մաս, իշխանափոխությունը հովանավորելու մեղադրանք և այլն։
«Բայց այն, որ թշնամական պետության մամուլում տարբեր հրապարակախոսներ, իրենց պետության շահերից ելնելով, իրավիճակ են նկարագրում ու շեշտադրում անում, զրոյական արձագանք է ստանում, ինչը բավականին մտահոգիչ է»,– ասում է Մելքոնյանը։
Ռուբեն Մելքոնյան
Վերլուծելով թուրքական մամուլի վերջին շրջանի հրապարակումները` թուրքագետը նշում է` «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը ոչ թե ակտիվացել, այլ գերակտիվացել է։
Աղբյուրը խոսել է ՌԴ-ի, ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին
«Երբեմն նաև այնպիսի վերլուծություններ կհանդիպեք, որ կկարծեք` «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է, կատարված փաստ, խոսում են դրանից հետոյի պրոցեսների մասին։ Գերիշխում է թուրքական դարավոր երազանքի իրականացման թեզը, այն, ինչ 100 տարի առաջ ծրագրել էին, հիմա շատ մոտ է կյանքի կոչվելուն» ,– ասում է Մելքոնյանը։
Նրա խոսքով` «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքի օկուպացիան Թուրքիայի դարավոր երազանքն ու նպատակն է, որը հիմա, ցավոք, իրականանալու կամ մասնակի իրականանալու շանսեր ունի։ Ու այս միտքը որպես համազգային հաղթանակ, ոգևորիչ փաստ, մամուլի միջոցով փոխանցվում է հասարակությանը։ Մելքոնյանը հիշեցնում է` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Էրդողանն իր առաջին իսկ ելույթում ասաց` սա ճանապարհ է բացում դեպի «Զանգեզուրի միջանցք»։ Այդ ելույթում Էրդողանը սա ավելի կարևոր էր համարել, քան նույնիսկ Արցախի գրավումն է։
Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որն ամեն պահի կարող է պայթել. Տիգրան Աբրահամյան