ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տելեգրամյան ալիքում։
«Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը։ Դրանով հաստատում են, որ ԱՄՆ - ի և նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե իրադրության կարգավորումն ու Անդրկովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և եվրասիական տարածքի միտումնավոր ապակայունացումը ՝ տվյալ տարածաշրջանից մեզ դուրս մղելու հեռանկարով», - նշել է դիվանագետը։ Նա մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր ՌԴ-ն Հայաստանի հուսալի գործընկերը չէ անվտանգության ոլորտում։
«Տեղի պաշտոնյաների նման զրպարտությունները վրդովեցուցիչ են։ Ամերիկացիները, ըստ էության, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է իրենց վրայից հանել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական բացթողումների պատասխանատվությունը», - ընդգծել Է Անտոնովը։
«Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը։ Միշտ ձգտել է այդ եղբայրական երկրին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով մեր խաղաղապահներին։ Այն փաստը, որ ռուս զինվորները զոհվել են իրենց դիրքերում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը գնալ բարդ որոշումների ՝ հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու», - նշել է դեսպանը։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն այսօր ավելի վաղ հանդես էր եկել այն պնդմամբ, թե ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր: