ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարը կալանավորվել է ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, որը ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարն է, շարքի դիմաց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին։
Արդյունքում, 2023 թ. սեպտեմբերի 12–ին զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում, զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և մահացել։
Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ։
Հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը, զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով:
Վաշտի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: