ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում պատրաստ են պատվաստանյութերը «Օմիկրոն» կորոնավիրուսային մանրէահիմքի նոր ենթատեսակի դեմ։ Տեղեկությունը Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա – Մինսկ – Աստանա – Բիշքեկ – Երևան տեսակամուրջի ժամանակ լրագրողներին հայտնեց Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով այս ենթատեսակի տարածման մասին հարցին, որն ունի ВА2.86 կոդային անվանումը և հայտնի է «Պիրոլա» անունով։
Նա նշեց, որ եզակի դեպքերում ամբողջ աշխարհի բժիշկներն արդեն սովորել են հայտնաբերել «Օմիկրոնի» ենթատեսակները, իսկ կոնկրետ այս մեկն արդեն հայտնաբերվել է 17 երկրներում (դրանց թվում Ռուսաստանը չկա)։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է դրանով վարակման 145 դեպք:
Ամբողջ աշխարհում, ամենայն հավանականությամբ, վարակված կլինեն հազարավոր մարդիկ։ Օնիշչենկոն նշեց, որ այս ենթատեսակը վարակիչ է, բայց ոչ այնքան վտանգավոր, որքան այն մանրէահիմքերը, որոնք եղել են 2020 թվականին։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում «Օմիկրոնի» դեմ գործող պատվաստանյութերն արդեն փոփոխվել են ВА2.86-ով։ Ընդ որում, գիտնականները չեն պնդում, որ պետք է միաժամանակ պատվաստվել և՛ Covid–ի, և՛ գրիպի դեմ, քանի որ առաջինի դեմ կարելի է պատվաստվել ամբողջ տարին, իսկ երկրորդի դեմ՝ սեզոնային (սեպտեմբերից դեկտեմբեր): Օնիշչենկոն նշեց, որ եթե նույն ժամանակահատվածում միանգամից երկու պատվաստանյութ ընդունենք, դա մեծ բեռ կդառնա իմունային համակարգի վրա։
Պատվաստումների տարածման գործում նա կարևորել է «հակապատվաստումային» հայտարարությունների համար պատասխանատվությունը, այդ թվում ՝ կեղծ մասնագետների և կրոնական աղանդների կողմից: Բացի այդ, Օնիշչենկոն նշել է, որ պետք է շարունակել կրծքի կաթով կերակրման աջակցության ծրագիրը, քանի որ դրա փոխարինիչները սրում են մարմնի ալերգիկ ռեակցիան օտար սպիտակուցների նկատմամբ (իսկ պատվաստանյութը ոչ այլ ինչ է, քան սպիտակուց):