ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ»,– գրել է նա։
Արցախի ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ, բայց վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։