Վառելիքի պայթյունից տուժածների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի վիճակը ծանր է. Արցախի ՄԻՊ

Արցախի բուժհաստատություններում անհրաժեշտ բուժամիջոցներ չկան հրդեհից տուժածների կյանքը փրկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար»,– գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Նա նշել է, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։