Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որն ամեն պահի կարող է պայթել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Պատգամավորը վստահ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կենտրոնացումն այսուհետև լինելու է Սյունիքի ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ սահմանագծի մյուս հատվածներում վտանգներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախիջևանյան այցին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Էրդողանն այսօրկայցելի Նախիջևան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու, այցի շրջանակում Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։ Բանակցությունների օրակարգում Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց` դեռևս 2011-2012թթ. Թուրքիայի աջակցությամբ Նախիջևանում ձևավորվեց առանձին համազորային բանակ, մինչև այդ միայն ադրբեջանական կորպուս էր։
«Համազորային բանակի վերակազմավորումից հետո Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ այնտեղ բավականին մեծ սպառազինություն և զինտեխնիկա է կուտակվում, այնտեղ են հավաքագրվում նաև տարբեր երկրներից բերված ծայրահեղականներ, ահաբեկչական կազմակերպությունների բջիջներ, որոնց նպատակն է ինչ–որ փուլում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ»,– ընդգծեցԱբրահամյանը։
Նրա խոսքով` Էրդողան–Ալիև հանդիպումը Նախիջևանում կազմակերպելու պատճառը նաև այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը սիմվոլիզմը շատ են կարևորում։ Ըստ պատգամավորի` սա նաև ազդանշան է, որ իրենց ագրեսիայի հիմնական ուղղությունն ու կենտրոնացումը լինելու է Սյունիքը։ Միաժամանակ Աբրահամյանը չի կարծում է, թե նրանք միայն մեկ ուղղությամբ են սահմանափակվելու, մանևրելու կամ այլ նպատակով սադրանքներ, շարժեր, ընդհուպ ագրեսիաներ են հնարավոր նաև սահմանագծի տարբեր ուղղություններով։
Բաքուն դեպի Նախիջևան երթուղին չի ընկալում որպես 3-րդ երկիր տանող երթուղի. Ալեն Սիմոնյան
«Այն, որ գլխավոր ուղղությունը` քաղաքական և ռազմական, դառնալու է Սյունիքի ուղղությունը, միանշանակ է։ Պետք է հաշվի առնել, որ սա միայն սյունեցիներին վերաբերող խնդիր չէ, նաև այն առումով, որ Նախիջևանը սահմանակից է Արարատի մարզին` Տիգրանաշենին, Զանգակատանը, Երասխին, որը Նախիջևանից Երևան ամենամոտ հատվածն է։ Պատահական չէ, որ այդ ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն ամրաշինական հսկայական աշխատանքներ է տարել, այլև տարբեր զորատեսակներ է դիրքավորել»,– ասաց Աբրահամյանը։
Նա շեշտեց` պետք է հնարավոր վտանգը գնահատել` հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։