ԵՐԵՎԱՆ, 25 սեպտոմբերի-Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն պատասխան է պատրաստում պաշտոնական Երևանին մի շարք հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին Россия 24-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24–ի իր ուղերձում հայտարարել էր, որ անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս է դրել Հայաստանը, երկրի խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
«Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք արվել են և՛ Հայաստանի վարչապետի և՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ դրան մանրամասն պատասխան կտրվի առաջիկայում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։