Լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է ԵՊՀ–ում խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ

Ձերբակալություն
Նրա հետ միասին ձերբակալվել է նաև Բրյուսովի նախկին պրոռեկտորը, նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր առավոտյան մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի վայրից ոստիկանություն են տեղափոխվել Երևան 38-ամյա բնակիչ Ց.Ա.–ն ու 32-ամյա բնակիչ Դ.Ս.–ն։ Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Նշենք, որ խոսքը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի և լրագրող Դավիթ Սարգսյանի մասին է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն)2-րդ մասի 1-ին կետով:
Նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։
Կատարվում է նախաքննություն: